Մեր բոլոր մայրերի Մոր՝ սուրբ Մարիամի ծնունդից առաջ իմ շրջապատի մարդկանց հաճախ հարցնում եմ. «Գիտե՞ք, արդյոք, երբ է ծնվել մեր Տիրամայրը», և ի տխրություն ինձ, տասից մեկն է իմանում, որ Մարիամ կույսը ծնվել է սեպտեմբերի 8-ին։
Բոլորս մեր ծնող մոր ծննդյան օրը գիտենք, բայց, դժբախտաբար, քչերս ենք տեղյակ, թե երբ է ծնվել աշխարհի Փրկչի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մայրը, որը նաև բոլորիս մայրն է, քանզի նրանից ծնվածը մեր Տերն ու Աստվածն է, և այդ պատճառով է, որ մենք Մարիամ կույսին նաև Աստվածամայր ենք անվանում։ Եթե դեռևս կա հայորդի մեկը, որ այդպես չի մտածում, ապա թող ինքը լրջորեն խորհի իր ունեցած հավատի վերաբերյալ, քանի որ այս ժամանակների ամենակատաղի աղանդավորները՝ եհովականները, նույնպես Հիսուսին Տեր ու Աստված չեն ընդունում, ու բնական է նաև, որ Աստվածամորը չընդունեն։
Այսքանը որպես նախաբան կարդալուց հետո այժմ ծանոթանանք սուրբ Տիրամոր ծննդյան մանրամասների հետ, որովհետև այն աստվածահրաշներից է։
Հրեաստանի Գալիլեայի Նազարեթ քաղաքում, Կարմեղոս լեռից ոչ շատ հեռու, Հուդայի ցեղի, Դավիթ թագավորի սերնդից Հովակիմ անունով մի արդար ու աստվածավախ այր էր ապրում իր կնոջ` Աննայի հետ, որը նույնպես Իսրայելի աննշան սերնդից չէր, քանի որ սերում էր Ահարոն քահանայապետի սերնդից, ու Մատթան քահանայի դուստրն էր։
Աստված նրանց օրհնել էր ամեն ինչում՝ թե՛ ազնվական սերնդաբանությամբ, թե՛ ունեցվածքով, և թե՛ ամենակարևորը՝ ընտանեկան սիրով ու խաղաղությամբ, բացի մի ամենակենսականից. նրանք վաղուց է, որ ամուսնացած էին, բայց զավակներ չունեին։ Իսկ այդ ավանդապաշտ երկրում ընդունված էր, որ զավակներ չունեցող ամուսիններն անարգանք են համարվում Իսրայելի համար։
Ահա այդպես էլ նրանք աղոթելով ու սաղմոսելով, հաշտ ու խաղաղ, սիրով ու հարգանքով միմյանց հանդեպ ապրեցին կես դար, ծերանալով բարի ծերությամբ, բայց ամեն օր անզավակության կսկիծը կրելով իրենց մաքուր սրտերում։
Հովակիմը, լինելով հրեա և բավականին ունևոր մարդ, ըստ այդ երկրի օրենքների` իրավունք ուներ կամ մի այլ՝ երկրորդ կին բերել տուն, կամ կնոջն ապահար-զանի թուղթ տալ ու արձակել և ուրիշ կին առնել իր սերունդը շարունակելու համար։ Բայց այդ բարեպաշտ ու շնորհազարդ այրը չօգտվեց դրանցից ոչ մեկից, որովհետև իր կնոջը նա սիրում էր քնքուշ ու զարմանալի սիրով, դրանով իսկ անտրտունջ կրելով իր ընտանիքին ընկած անարգանքը։ Նա միաժամանակ մեծ բարեգործ էր ու առատաձեռն թե՛ կարիքավորների հանդեպ, թե՛ Աստծո սուրբ Տաճարի։ Ահա մի տոնակատարության ժամանակ, երբ բոլորն իրենց ընտանիքների համար ողջակեզի քավության զոհերն էին տանում Տաճար, նա ուրախությամբ առաջինը գնաց այդ արարողությանը, բայց Տաճարի սպասավորներից մեկը, ճանաչելով Հովակիմին, ծաղրանքով ասաց նրան. «Ինչո՞ւ ես դու բոլորից առաջ ուզում բերել քո զոհը մեր Ադոնայ Տիրոջ առաջ. դու անարժա՛ն ես այդ անելու, քանի որ անպտուղ ես Իսրայելի համար»։
Այս անսպասելի հանդիմանանքը խոցեց բարեպաշտ Հովակիմի սիրտը, մտածելով, որ իսկապես նա Աստծո առաջ այնքան մեղավոր է, որ Տիրոջ բարկությունը պատժում է իրեն անզավակությամբ։
Այսպես խորհելով, նա գլխիկոր դուրս եկավ Տաճարի գավթից ու չկամեցավ այլևս տուն վերադառնալ և ուղիղ դեպի Կարմեղոս լեռան լանջերում արածող իր ոչխարի հոտերի հովիվների մոտ գնաց։
Եվ քառասուն օր նա այնտեղ մնաց, խիստ ծոմապահությամբ ու անդադար աղոթքներով առ Աստված, լաց ու աղաչանքով Նրա ողորմածությանը արժանանալու համար։
Միևնույն ժամանակ նրա սիրելի ու խոնարհ կինը, լսելով, թե ամուսինն ինչի համար է առանձնացել, ինքն էլ մեծ վշտով տխրեց, քանի որ գիտեր` դրա պատճառն իր ամլությունն էր, ինչը իր պաշտելի ամուսնու վրա մարդկանցից անարգանք է բերում։ ՈՒ ինքն էլ տրվելով ծոմապահության ու աղոթքների, լաց ու արցունքով Տիրոջից մի զավակ էր խնդրում, վկայակոչելով Աբրահամի կնոջը՝ Սառային ու Սամուել մարգարեի մորը՝ Աննային, որոնք նույնպես ամուլ էին մինչև պառավության տարիները, բայց դա չխանգարեց, որ Տերը նայի նրանց աղոթքներին ու հավատքին և սերունդ պարգևի նրանց։ Այդ բարեպաշտ ու խոնարհ աղախնի աղոթքները լսելի եղան Բարձրյալին, ու նրա աղերսանքների պատասխանը ստացավ Տիրոջից երկնային անկրկնելի մարգարտալույս շողով, որ ծագեց Սրբություն Սրբոցի վարագույրից, հստակ հասկանալով, որ Աստված նրանց անկրկնելի ժառանգ է պարգևելու, որը և ընծայվելու է Տաճարին։ Այդ ավետիսը Աննային տվող հրեշտակն այցելեց նաև Հովակիմին, հաստատելով Բարձրյալի կամքը, որ նրանց սերունդ է շնորհվելու։
Այդպես էլ եղավ, ինչպես հրեշտակն էր ավետել նրանց, ու հաջորդ տարվա Թշրի ամսվա (որ մեր սեպտեմբերին է համապատասխանում) սկզբին, ավելի ճշգրիտ` ամսի 8-ին, շաբաթ օրը առավոտյան ծնվեց խոստացված զավակը, մի սքանչելի աղջիկ։ Ծնողների ու իրենց բարեկամների ուրախությունը զարմանքով և ուրախությամբ հորդեց, ու ողջ Իսրայելը հասկացավ, որ Տերն Իր հերթական զարմանահրաշ այցելությունն է արել այդ բարեպաշտ ամուսիններին, և ամուլ կնոջ արգանդն է բացել, ինչպես նախնի ընտրյալների, որոնց մասին արդեն ասացինք։ Ըստ հրեական սովորության, հարազատների ու ազգականների հավաքի ժամանակ էլ, ութերորդ օրն ընտրեցին նորածնի անունը և դրեցին Մարիամ, որը մի քանի թարգմանական բացատրություն ունի, որ նշանակում է թագուհի (դշխո) կամ ծովային աստղ։
Երեք տարի ընդամենը ծնողները վայելեցին իրենց սքանչելի ու կենսախինդ դստեր ներկայությունը, որից հետո, ըստ իրենց ուխտի խոստումի, Մարիամին տարան Տիրոջ Տաճար և հանձնեցին Աստծո նախախնամությանը, քանի որ Իսրայելի մեջ լսված Եսայու մարգարեությունը բոլորն են հիշում, որ. «Ահա կույսը պիտի հղանա ու որդի ծնի և Նրա Անունը Էմմանուել պիտի լինի» (Եսայի 7.14)։ Այդ հույսով էլ Մարիամին ծնողները հանձնեցին տաճարական խնամակալներին, որոնք պահում և կրթում էին այդ կույսերին մինչև իրենց արբունքի տարիքը, որ երբ Տերը կամենա, այցելի նրանցից մեկն ու մեկին, ում Ինքը կընտրի, որի միջոցով էլ Իսրայելի սպասված Մեսիան՝ Փրկիչը, կծնվի։
Իսկ Էմմանուել թարգմանվում է Աստված մեր մեջ։ ՈՒ քանի Բարձրյալի խոսքն առանց Իր կամքը կատարելու հետ չի վերադառնում, ապա այդպես էլ եղավ, Տերը կամեցավ, որ հենց այս ընտրյալ անոթը՝ Նոր ՈՒխտի Տապանը, Մարիամը կրի Աստծո Որդուն իր կուսական ու անարատ որովայնում և ծնի Հիսուսին։
Օրհնյալ լինի համայն աշխարհի Փրկչի Մայրը, որ մեզ մեր մեղքերից փրկող Աստծո Անարատ Գառին ծնեց, Որը 33 տարի անց պետք է Խաչի վրա ադամական մահապարտ սերնդի փրկագործությունը կատարեր ու մեզ համար հավիտենական կյանքի դուռ բացեր դեպի երկինք։
ՈՒրեմն դարձյալ հիշենք այս սքանչելի օրը՝ սեպտեմբերի 8-ը, ու չմոռանանք մեր բոլորի Մոր ծննդյան օրհնյալ օրը։
Վերջում ուզում ենք մի փոքրիկ աղոթք զետեղել բոլոր ընթերցողների համար, որ Աստվածածնի բարեխոսությամբ կարողանան իրենց կյանքն էլ երկնային օրհնություններով լցնել։
Մեր հույս ու ապավեն, Տիրամայր և Կույս,
Բարեխոսիր Որդուդ մոտ մեր հոգիների փրկության համար։
Քեզ ենք ապավինում, Ամենասրբուհի, հրաշալի
բարություններ բաշխող,
Դու, որ հոգով ծարավածների աղբյուրն ես,
Բարեխոսի՜ր Որդուդ՝ մեր Տիրոջ մոտ հայոց ազգի,
ՈՒ մեր ընտանիքների բարօրության համար. ամեն։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ